«Թուրքիայի նախագահ Էրդողանի՝ Իսրայել ներխուժելու սպառնալիքների և նրա վտանգավոր հռետորաբանության լույսի ներքո արտաքին գործերի նախարար Իսրայել Կացը դիվանագետներին հանձնարարել է շտապ համագործակցել ՆԱՏՕ-ի բոլոր անդամների հետ՝ կոչ անելով դատապարտել Թուրքիային և պահանջել նրան հեռացնել տարածաշրջանային դաշինքից»,- հայտարարել է Իսրայելի ԱԳՆ-ն։ Փորձագետների գնահատմամբ՝ այս հայտարարությունը կարող է ավելի մեծացնել լարվածությունը երկու երկրների միջև:               
 

«Սարսուռի ցողով հոգիս լվանամ ու պարզաջրեմ»

«Սարսուռի ցողով հոգիս լվանամ ու պարզաջրեմ»
30.04.2019 | 03:05

Համո Սահյանի բանաստեղծական աշխարհի մեջ, խաղաղությամբ ու հաշտությամբ լցված, վերստին ապրում ենք նրա քնարով մեզ բաժին հասած՝ բնության ու մարդու ներդաշնակության հրաշալի մեղեդու անկրկնելի կրկնությունները: Բանաստեղծի համար Հայաստան աշխարհի ամեն մի անկյուն էլ ծննդավայր է և հարազատ իրեն. «Պապերի ոտնահետքերը որտեղ կան, այնտեղ մի քիչ այլ զգացողություն է արթնանում: Ճանաչում ես մարդկանց, ամեն ծառը, ամեն քարը, ամեն թուփը: Եվ այդ շրջանի մարդկանց պահվածքն էլ այլ կերպ է ընկալվում ու այլ խորհուրդ ունենում»: Համո Սահյանի պատկերացմամբ՝ բանաստեղծներից յուրաքանչյուրն իր գույնն է բերում, և եթե իր բերած գույնը ժողովրդի գույնից եղավ, ընդունվում, սիրվում, գնահատվում է, եթե ոչ` ժողովրդին այդպես էլ անհայտ է մնում. «Բանաստեղծը պիտի սիրի ժողովրդին, պիտի մտածի նրա մասին, իսկ երբ որ բանաստեղծը ժողովրդի մասին չի մտածում, նա ո՛չ ժողովուրդ կունենա, ո՛չ էլ ընթերցող: Նա ընդամենը կարող է կարճատև փառք, կարճատև համբավ և վայելքներ ունենալ»: Եվ անհանգստություն է ապրում այն տխուր առիթով, թե մենք հաճախ չենք գնահատում մեր մեծ գրողներին, ուշադիր չենք կարդում, թե ինչ խորություն կա նրանց ամեն մի տողի տակ. «Պետք է մեծերից սովորել»:


Համո Սահյանի գրած ամեն գործ հավատ է ներշնչում, որովհետև իր կենսագրությունից է բխում: Զգում ես, որ հորինած չէ, վերացական չէ, որ իր կենսագրությունն է իրականում: Այս ծառերի, այս քարերի, այս թփերի մասին գրողը դրանք տեսած, դրանցով ապրած պիտի լինի. «Էս շրջանում, օրինակ, աչքս փակ գամ, բացեմ՝ մի թուփ տեսնեմ, կզգամ, որ դա Սիսիանում է, որովհետև սա իմ կենսագրությունն է: Այսպես են ստեղծվում այն գույները, որոնցով ճանաչվում է մարդը: Պարզ ու մաքուր պետք է խոսել: Թումանյանը ո՞նց է խոսել՝ «ամպերը դանդաղ ուղտերի նման…»: Այսպես պիտի խոսել ժողովրդի հետ՝ իր նման, իր լեզվով: ...Երբեմն մի պոեմ են գրում, տեսնում ես մի տող էլ չարժե, երբեմն մի տողը մի պոեմ արժե»:


Ժամանակակիցների հուշերում հետաքրքիր դրվագներ են պահպանվել մեծանուն պոետի՝ այդ խելացի, այդ իմաստուն մարդու իմաստուն մտքերից ու խոհեմ պահվածքից, սակայն այս մեկը հիշարժան է հատկապես: Մի անգամ սիսիանցիների մի խումբ Սահյանին հրավիրում է Տատնա գետի ափին, բնության մի գողտրիկ անկյունում հանգստանալու: Նրանց վկայությամբ` ամեն տարի մի քանի հոգով գնում էին Տատնա, մեծ քանակությամբ ուտելիք և խմիչք էին տանում հետները: Կերուխումից հետո էլ մնացած խմիչքի շշերի վրա ստորագրում էին, թաղում հողի մեջ, որ հաջորդ տարի գնան, շարունակեն ավանդույթը: Այդպես մի 5-6 տարի անընդմեջ գնում էին, նախորդ տարվա թողած խմիչքը հանում, խմում էին, մնացած շշերի վրա նորից ստորագրում ու թաղում հողի մեջ: Սեպտեմբեր ամսին դեռևս զարմանալիորեն կանաչ է լինում այդ տեղանքը: Սովորականի պես, այդ անգամ էլ հավաքվել էին մի քանի մտերիմ մարդկանց ընտանիքներ, և Համո Սահյանը՝ նրանց հետ: Տատնա գետի ափին նստած հաց էին կիսում, բաժակ բարձրացնում` միմյանց արևշատություն մաղթելով: Սահյանն էլ թեքված, հայացքը գետի հոսանքին հառած, պառկած էր այդ բուրումնավետ կանաչին: Թեև արդեն սեպտեմբեր ամիսն էր, սակայն շուրջն ամեն ինչ թարմությամբ էր շնչում: Սահյանը հայացքը դանդաղ բերում է քիչ հեռվում թմբի վրա ծաղկած դաղձին, հետո դանդաղ բարձրանում, քայլում դեպի թումբը և, հանելուկի պատասխանը գտած երեխայի պես պայծառանալով, շատ բարձր ձայնով ասում` գտա: Բոլորը զարմացած իրար հարցնում են` տեսնես ի՞նչ է գտել: Հարցին` վարպետ, ի՞նչը գտար, պատասխանը լինում է. «Գրքիս վերնագիրը գտա»,- ու վկայում է, որ գիրքը վաղուց պատրաստ է տպագրության, բայց վերնագիրը չէր գտնում և հենց այդտեղ, Տատնա գետի ափին վերնագիրը գտել էր` «Դաղձի ծաղիկ»: Ասում է` տեսնու՞մ եք, դաղձը սովորաբար մայիսին է ծաղկում, իսկ այստեղ, Տատնա գետի ափին, սեպտեմբեր ամսին դաղձը դեռևս ծաղկած է: Եվ գիրքը հենց այդ օրն այդտեղ վերնագրվեց «Դաղձի ծաղիկ»: Եվ, ո՞վ գիտի, գուցե հենց ա՛յդ ժամանակ պոետի մտքում ծնվեց հետևյալ հրաշալի քառատողը.

Տատնա զարթնած հովտում էլի
Դաղձ եմ քաղում ես իմ ձեռքով…
Տիեզե՞րքն է ինձանով լի,
Թե՞ ես եմ լի տիեզերքով:

Սիսիանում Համո Սահյանի ոտնահետքերն են, Սիսիանը բանաստեղծի գրչի շնորհիվ ուրի՛շ մի գույն, ուրի՛շ մի երանգ ստացած աշխարհ է: Համո Սահյանն աշխարհի ի՛ր գույները բերեց մեզ ու մեզնից հետո եկող սերունդներին և բոլորիս ժառանգեց իր յուրահատուկ գունաշխարհը. «Ներշնչանքի պահը տարիք չի հարցնում. գալիս է ու կարծես խուտուտ է տալիս՝ գրիր: Արթնանում ես այդ պահի թելադրանքով, մտորում ես նրա հետ, մարդկանց հետ խոսում ես, հանկարծ այդ պահը թևդ քաշում-տանում է, վախենում է կորչել, վախենում է ինքդ կորցնես իրեն: Դա գեղեցիկ ու զորեղ զգացում է: Այդ պահերը շատ են, ուրեմն՝ ասելիք դեռ շատ ունես, ուրեմն՝ դեռ կարող ես ասել, որ դու ասելիք ունես մարդկանց, քո ժողովրդին»:


Համո Սահյանի մտերիմներից մեկն էլ հետևյալ ուշագրավ դեպքը պատմեց նրա հետ անցկացրած երանելի ժամանակներից: Շաղատի շինարարական ավանի տարածքում տեղակայված, հիդրոշինին պատկանող մի հյուրանոց է եղել: Շատ լավ կառուցված հյուրանոց էր` կանաչապատ, բարեկարգ բակով, ծաղիկների մարգերով զարդարուն ճեմուղիներով, մաքուր, ճաշակով կահավորած համարներով: Սահյանը հավանել էր այդ տարածքն ու հյուրանոցը և ահա հերթական անգամ եկել էր հանգստանալու: Ճաշից հետո ասաց, որ ուզում է մենակ մնալ: Դե, նրան դժվար էր հակառակվել: Այս բարի մարդն էլ բավարար ուտելիք ու ծխախոտ էր բերել հյուրանոցի համարը և Համո Սահյանի կամքին հլու, հնազանդ գնացել տուն` խոստանալով առավոտ շուտ վերադառնալ: Առավոտյան գնացել, տեսել էր, որ Սահյանը ոչինչ չէր կերել, ամբողջ գիշեր ծխել էր ու գրել, սենյակը` ծխի մեջ կորած: Հանդիմանել էր, թե ինչու բան չի կերել, Սահյանն էլ հպարտորեն ցույց էր տվել սեղանին շարված թղթերը, թե` դու հլը նայիր, տես ինչքան եմ գրել: Այդ գիշերվա ընթացքում մի քանի բանաստեղծություն էր գրել: Հետո էլ խոստովանել էր, որ վերջապես դատարկվեց, կուտակված շատ բան կար մտքում, բոլորը թղթին էր տվել: Պոետն ասում էր, որ բարկացած ժամանակ ավելի լավ է գրում, ամբարված մտքերը սկսում է թղթին հանձնել ու վերջապես ազատվում հոգու ծալքերում լեփ-լեցուն խոհերից, որոնք տևական ժամանակ հանգիստ չէին տալիս:


Սիրելի պոետի մտորումներն ու խոհերը այժմեական են և ուսանելի: Նրա խրատները խորիմաստ են, հորդորները` ընդունելի. «Երբ արդեն գրասեղանի մոտ ես ու գրում ես, չպիտի սևեռվես գրելիքիդ գաղափարական կողմի վրա, մտածես, թե էս գաղափարը ում դուր կգա, ում դուր չի գա, եթե քեզ դուր է գալիս, ուրեմն՝ պիտի գրես: Գրես այնպես, ինչպես ինքդ զգում ես: Ինքդ պիտի հավատաս, որ ինչ-որ խորքում բոլոր մարդիկ մի տեսակ են մտածում, և դա կլինի նաև նրանց սեփականությունը: Որովհետև, իմ կարծիքով, բանաստեղծությունը տարբեր մարդկանց ուղղված մտերիմ նամակ է: Ոչ թե մի նամակ` բոլորին ուղղված, այլ ամեն մեկի համար՝ առանձին-առանձին, որովհետև ամեն մեկն իր բաժինն է այդտեղից վերցնում, և դա նրա տողն է` կարծես թե բոլոր ընթերցողներին առանձին-առանձին ուղղված… Եթե դու ինքդ քո խորքում ճիշտ ես, քեզ պես մտածող մարդիկ կզգան, որ քո ապրումներն ունեցողը դու չես, այլ էդ ժողովրդի բոլոր անդամներն են»:


Համո Սահյանը, բնապաշտ լինելուց զատ, ավելի շատ խոհափիլիսոփայական գործերի հեղինակ է: Նրա խոսքի ավելի խոր շերտը կա, որն առաջին հայացքից այնքան էլ տեսանելի չէ: Մանրակրկիտ ու խորությամբ ուսումնասիրելով միայն՝ նկատելի են դառնում տիեզերական երևույթները յուրովի մեկնաբանելու, վերծանելու նրա ունակությունները, բնության ու մարդու` ոչ բոլորին հասանելի ներքին կապի զուտ սահյանական գիտակցումը, մարդուն լավ ճանաչելու, մարդու հնարավորությունները սթափ գնահատելու նրա բնատուր շնորհը, մարդկային փոխհարաբերություններում ազնիվ վերաբերմունք, ազնիվ պահվածք ունենալու նրա ձգտումը: Հրանտ Մաթևոսյանի խոսքով` «ազնվական գեղջուկի» սահյանական կերպարը, իմ պատկերացմամբ, ձևավորվել է բնությանը մոտ գտնվելու, բնությունից սովորելու, բոլոր հարցերի պատասխանները բնական երևույթների վերլուծության ճանապարհով գտնելու սահյանական կերպի ու տաղանդի արդյունքում: Մտածելու, պրպտելու, վերլուծելու, սովորելու ունակությունը տարեցտարի կատարելագործել է նրա ասելիքը, այն դարձրել ավելի խոր, ավելի իմաստուն, ավելի դիպուկ` խոսքը հասցնելով խոհափիլիսոփայական ընդհանրացումների, այնպես որ, ըստ իս, Համո Սահյանը շատ ավելին է, քան բնապաշտ պոետի` նրա անձի շուրջ ձևավորված կարծրատիպը: Եվ նրա թե՛ հայրենասիրական հզոր գործերը, թե՛ խոհափիլիսոփայական բանաստեղծությունները գալիս են լրացնելու, ամբողջացնելու հողի մշակի իմաստուն ներաշխարհը, բացահայտելու խոհուն ու տոկուն ռանչպարի իմաստնության գաղտնիքները: Հայրենի հողի սահյանական պաշտամունքը վերահաստատվում և աներևակայելի հզոր զգացողության է հասնում «Հող» բանաստեղծությամբ, որը թանձր է նրա պոեզիայում որպես իր պատգամ.

Հողից սովորեմ՝ գոհացնել մարդուն,
Հողից սովորեմ՝ հովացնել մարդուն։
Ծովից սովորեմ՝ խորացնել մարդուն,
Հասկից սովորեմ՝ զորացնել նրան։


Եվ, վերջապես, ահագնացող, արագընթաց զարգացումների մեջ մարդկային դեմքը կորցրածներից բանաստեղծը փախչել է ուզում, իր բնաշխարհի մարդկանց մոտ գնալ ու մարդահոտ առնել է ուզում: Իր այս մտահոգությունն արտահայտում է «Մարդահոտ առնեմ» բանաստեղծությամբ.

Սարսուռի ցողով հոգիս լվանամ
ՈՒ պարզաջրեմ… Եվ պարզաջրված,
Պարզ ու պարզերես մարդկանց մոտ գնամ,
Խառնվեմ մարդկանց, մարդահոտ առնեմ…
Մարդահոտ, որը ցնդել է կարծես
Մեծ քաղաքների լաբիրինթոսում…

2004 և 2014 թվականներին, Համո Սահյանի ծննդյան 90- և 100-ամյակի հոբելյաններին, Հովհաննես Պապիկյանի հետ նախաձեռնեցինք «Ինձ կհիշեն ամեն անգամ օրը բացվելիս» և «Իրիկնահացի հրավեր» գիրք-օրացույցների հրատարակությունը: Սրանք պոետի բանաստեղծությունների, խոհափիլիսոփայական մտքերի, տիեզերական բանականության իր ընկալման, այլոց մասին իր գնահատանքի, մեծարանքի, վերաբերմունքի արտահայտություն` չափածո և արձակ խոսքի, ու նաև սահյանական պոեզիայի մասին իր ժամանակակիցների, արվեստի գործիչների արտահայտած կարծիքների ամփոփ մի ձեռնարկ են: Գիրք-օրացույցների հրատարակությունը հրաշալի առիթ էր մեկ անգամ ևս սահյանական մասունքներին հաղորդակցվելու, վերապրելու նրա հայրենակարոտ կուտակումներն ու յուրաքանչյուրիս մեջ հայրենիքի հանդեպ մի քիչ սահյանական մոտեցում ձևավորելու: Գրքում տեղ են գտել ինչպես բոլորիս ծանոթ ու սիրված գործեր, այնպես էլ՝ համեմատաբար քիչ հայտնի ստեղծագործություններ: Հիշատակության արժանի է նաև պոետի մտորումներին, ինքն իր հետ ունեցած զրույցներին անդրադառնալու փաստը, որը յուրովի, բանաստեղծություններից ու բանավոր ելույթներից զատ, հարստացնում է Սահյանի մասին ունեցած մեր պատկերացումները: Ժամանակակիցների խոսքը, նրա ստեղծագործության գնահատանքն էլ հնարավոր է դարձնում պոետին ընկալելը մեկ այլ հարթության մեջ: Այդ գիրք-օրացույցները հասցեագրել ենք բոլոր նրանց, ովքեր սիրով են վերաբերվում այն ամենին, ինչը սահյանական է, ինչը հաճելիորեն մեզ պահում է Սահյանի միջավայրում: Մենք համարում ենք, որ սա ևս մի առիթ է, որ մշտարթուն ու տարածուն ճառագի Սահյանի պոեզիայի անմարելի լույսը: 2004 թվականին, Սյունյաց աշխարհի հանճարեղ պոետի գործերը ներկայացնող այդ ձեռնարկով էլ սկիզբ դրեցինք գիրք-օրացույցների մատենաշարին` հաջորդաբար հրատարակելով նաև Հովհաննես Շիրազի, Վահան Տերյանի, Լևոն Միրիջանյանի, Մհեր Մկրտչյանի ստեղծագործությունները ներառող գիրք-օրացույցներ:


Իսկ վերջում վերհիշենք ու մտապահենք սիրելի Պոետի պատգամը.

Ես եմ քարե պատարագ,
Ձեզնից սերված, ընդունեք,
Դուք, ձեր կամքին հակառակ,
Ինձ բացակա չդնեք։


Շուշանիկ ՍԱՀԱԿՅԱՆ

Դիտվել է՝ 2014

Մեկնաբանություններ